«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Պետք է աշխատել օրական 16 ժամ և ամեն ինչ կստացվի»

«Պետք է աշխատել օրական 16 ժամ և ամեն ինչ կստացվի»
08.04.2013 | 22:19

Դեռ երկար ժամանակ մեր հասարակության ուշադրությունը բևեռված է մնալու Հայաստանում ավարտված նախագահական ընտրությունների և հետընտրական զարգացումների վրա։ Հնչեցվում են տարակարծիք մեկնաբանություններ, տրվում են ընտրությունների վերաբերյալ տարբեր դատողություններ։ Ամեն օր մենք լսում ենք մեր հասարակական-քաղաքական գործիչների և ինտելիգենցիայի տարբեր ներկայացուցիչների ելույթները, կարդում ենք նրանց հոդվածները։ Իսկ ինչպե՞ս են գնահատում ընտրական գործընթացները և հետընտրական զարգացումները մեր տեխնիկական ինտելիգենցիայի ներկայացուցիչները, ինչո՞ւ են նրանք հիմնականում լռում։ Այս թեմաներով զրույցը տեխնիկական գիտությունների դոկտոր, Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆԻ հետ է։

-Ամենասկզբում փաստեմ. ես կողմնակից եմ Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան դաշինքին,- այսպես սկսեց մեր զրույցը պարոն Համազասպյանը։
-Թույլ տվեք չհամաձայնել: Նախագահն ինչպե՞ս և ինչո՞ւ պետք է հրաժարվի իր հզոր հանրապետական կուսակցության օժանդակությունից` հանուն Րաֆֆի Հովհաննիսյանի:
-Ոչ թե հանուն Րաֆֆի Հովհաննիսյանի, այլ հանուն հայ ժողովրդի: Հանրապետական կուսակցությունը գնալով նմանվում է ՍՄԿԿ-ին, դեռ ավելին: Ժողովրդից և իրականությունից կտրված մի կուսակցություն, որի լիդերները զբաղված են միայն սեփական խնդիրները լուծելով: Տեսեք, թե ինչ համառությամբ և հաստատակամությամբ են նրանք տեղավորում իրենց ժառանգներին, ինչպես են կարողանում քայլ առ քայլ օկուպացնել և յուրացնել հայկական իշխանական բուրգը: Կարելի՞ է արդյոք այդ ցուցանիշներով նրանց համեմատել հայկական և սովետական լիդերների հետ: Ստալինի տղան` Յակովը, սերժանտի կարգավիճակով կռվում էր ռազմաճակատում, գնդակահարվեց Հիտլերի հրամանով, Խրուշչովի մեծ տղան կռվում էր ճակատում, գնդակահարվեց որպես վլասովական, Միկոյանի տղան օդաչու- փորձարկող էր, Սուսլովի փեսա Անատոլի Իսակովը` Մոսկվայի իմ ասպիրանտ-ընկերը, ոչ մի արտոնություն չուներ մեր նկատմամբ: Սովետական երկրի փլուզման սկիզբը դրվեց այն օրերին, երբ Բրեժնևի փեսա կապիտան Չուրբանովը դարձավ բարձրաստիճան գեներալ և նախարար:
Մարդիկ չեն հավատում այն լիդերներին, որոնք իրենց պաշտոններն օգտագործում են իրենց նեղ, անձնական շահերը բավարարելու, պետության և ժողովրդի հաշվին հարստանալու համար: Մի՞թե մեր իշխանավորները պատմություն չեն ուսումնասիրել, թե՞ իրենց թվում է, որ երկնքից իրենց գլխին մանանա է թափվել. օգտվիր և վայելիր ինչքան կարող ես: Ովքե՞ր պետք է աշխատեն մեր երկիրը այս ծանր դրությունից դուրս բերելու համար: Նրա՞նք, որոնց վառ երևակայությունը բավարարում է միայն մեթան գազով փուչիկներ պայթեցնելու Հանրապետություն հրապարակում և անպատիժ մնալու, թե՞ նրանք, ովքեր տուրիստական ինդուստրիայի համար կարող են դարակազմիկ տնտեսագիտական հաշվարկներ անել, համաձայն որոնց` երկու թանկարժեք բիոտուալետի դիմաց մեր մայրաքաղաքի տուրիստական հոսքը կկրկնապատկվի, իսկ 100 բիոտուալետի դեպքում այդ հոսքը կհարյուրապատկվի: Հերունու հետ 20 տարի մեռանք ասելով, որ Հայաստանի արդյունաբերությունը կարելի է դուրս բերել ճգնաժամից` զարգացնելով հեռանկարային արևային տեխնիկայի ոլորտը, դուրս գալ մի այնպիսի հսկայածավալ արտաքին շուկա, որը չափվում է տրիլիոն դոլարներով:
Փորձել եմ հելիոֆիկացիայի իմ ծրագիրը քննարկման դնել ՀՀ հանրապետական կուսակցությունում, ՀՀ Ազգային ժողովում, ՀՀ Անվտանգության խորհրդում. զրո ուշադրություն: Այնպես որ, հանրապետության նախագահին մնում է շատ ու շատ հարցերում ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությունները և օգտագործել համագործակցության նրա առաջարկները: Դա միայն օգուտ կարող է բերել մեր երկրին, որը կանգնած է ներքին և արտաքին լրջագույն մարտահրավերների առաջ, գտնվում է պատերազմական վիճակում: Չմոռանանք, որ 2015 թվականն է գալիս: Մեր երկիրը պետք է այդ տարեթվին մոտենա մեջքը ուղղած դիրքով` երկու տարվա ընթացքում: Դժվար, բայց իրագործելի խնդիր է:
- Ձեզ թվում է` այդքան բան մեր իշխող կուսակցությունում չգիտե՞ն, չե՞ն տեսնում:
-Իհարկե, գիտեն և, իհարկե, տեսնում են, բայց ոմանց թվում է, որ ուրիշները դա չեն նկատում և, ամենակարևորը, մեր կուսակցական գործիչներն ունեն երկրի խնդիրների նկատմամբ պատասխանատվության զգացումի լուրջ դեֆիցիտ: Մարդիկ եկել են վայելելու իշխանությունը և աշխարհի բարիքները, իսկ անհաջողությունները միշտ էլ կարելի է դուրս գրել համաշխարհային տնտեսական ճգնաժամերի վրա: Ժամանակին սովետական իշխանություններն ամենադաժան ձևով պատժում էին երկիրն ու նրա ղեկավարներին քննադատող ցանկացածին: Ինչը սովետական էր` չէր կարող վատը լինել, այդպես կոծկելով և քողարկելով «ժամանակավոր դժվարությունները», հզոր և պատերազմում հաղթած երկիրը ԽՄԿԿ-ն տարավ դեպի կործանում: Աստված մի արասցե, եթե նույն ճանապարհով անցնենք մենք: Հետընտրական այս ժամանակաշրջանը շատ կարևոր էտապ է հայ ժողովրդի կյանքում: Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան համագործակցությունը և նրանց համատեղ աշխատանքը մեզ թույլ կտան հաջողությամբ հաղթահարել քաղաքական և տնտեսական ճգնաժամը և բռնել կայուն զարգացման ուղի: Հակառակ պարագայում մեզ սպասում են զանգվածային հուսախաբության, հուսալքության, մարդկանց սոցիալական վիճակի վատթարացման, տնտեսական հետագա անկման մի շրջան և, որպես դրա տրամաբանական հետևանք, մեծ չափերի հասնող արտագաղթ: Շատ վտանգավոր է` արտագաղթողների առյուծի բաժինը հասնում է մեր երիտասարդությանը, որը մեր բոլոր սոցիալ-տնտեսական պրոբլեմներին ավելացնում է նաև երկրի դեմոգրաֆիայի խնդիրը:
-Դուք կարծում եք, որ Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան տանդեմը կգործի՞ և արդյո՞ւնք կտա: Դուք անձամբ ծանո՞թ եք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, հաճախ նա այնքան հակասական և անիրականանալի պահանջներ է առաջ քաշում. արտահերթ նախագահական և պառլամենտական ընտրություններից մինչև իր ցուցակով պաշտոնների նշանակում:
-Շարունակել ապրել այնպես, ինչպես ապրում ենք այժմ, այլևս չի կարելի: Երկրին պետք են փոփոխություններ: Նախագահ Սերժ Սարգսյանը ևս խոստանում է կատարել բարեփոխումներ, ավելին, նա հասավ որոշակի արդյունքների, օրինակ, իր նախաձեռնած հակակոռուպցիոն պայքարում և, միտումնավոր, հրաժարվեց իր ընտրազանգվածի կոռումպացված հատվածի օժանդակությունից: Հնարավոր է, որ առաջիկայում ևս նա լուրջ նախաձեռնողական քայլեր իրականացնի մեր երկրում, հնարավոր է, որ, հանդիպելով իր կուսակից ընկերների պասիվ դիմադրությանը, նրա ոգևորությունը մարի: Րաֆֆի Հովհաննիսյանն իր գործողությունների հիմքում դրել է մարդկային սերը: Նրան համակրում են բոլորը, նույնիսկ Սերժ Սարգսյանը և հանրապետական պատգամավորական կորպուսը: Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ես հանդիպել եմ անցյալ ամառ` իմ նախաձեռնությամբ: Ես նրա հետ փորձում էի քննարկել հայկական արդյունաբերությունը սփյուռքում կազմակերպելու խնդիրը: Իմ հարցադրմանը նա կատեգորիկ դեմ գնաց: «Ի՞նչ է, Հայաստանին արդյունաբերություն պետք չէ»,- հարցրեց նա: «Իհարկե, պետք է, բայց չի ստացվում, չեն թողնում»,- պատասխանեցի ես:
Երկրորդ անգամ մենք հանդիպեցինք փետրվարի 12-ին` Սպիտակի մեր արևային պոլիգոնում, որտեղ նախագահի թեկնածուին ներկայացվեցին մեր ձեռքբերումները արևային տեխնիկայի և տեխնոլոգիաների բնագավառում: Բուռն քննարկումներ եղան, և նա ընդունեց մեր գործի կարևորությունը Հայաստանի տնտեսության համար: Նա զգաց, որ Հայաստանը, շնորհիվ իր գիտնականների, կարող է ինքնուրույնաբար դուրս գալ առկա տնտեսական ճգնաժամից:
-Բայց ձեր արևային պոլիգոնում Դուք նախկինում հանդիպել եք նաև նախագահ Սերժ Սարգսյանի հետ, հետո ի՞նչ:
-Հետո ոչինչ: Դա 2008 թվականին էր, Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում: Ինձ թվաց, որ ամեն ինչ արդեն կստացվի: Իմ հայրենի Սառնաղբյուր գյուղից կսկսենք աշխարհի հելիոֆիկացիայի գործընթացը, Հայաստանին կբերենք լուրջ տնտեսական և քաղաքական դիվիդենդներ: Արդյունքում մեր հելիոֆիկացիայի ծրագիրը դուրս մղվեց Հայաստանի էներգետիկ անվտանգության հայեցակարգից, և տարաբնույթ տաբուներ դրվեցին մեր ծրագրերի վրա:
-Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ նույն ճակատագրին չէր արժանանա Ձեր հելիոֆիկացիայի ծրագիրը Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում:
-Այստեղ կա մի աստվածային զուգադիպություն: Մեր հելիոֆիկացիայի ծրագիրն ունի «Բարի արև» անվանումը, անգլերեն «Kind Sun»: Վահան Համազասպյանի «Բարի արևի» և Րաֆֆի Հովհաննիսյանի «Բարևի» նմանությունը տրված է եղել ի վերուստ: Ես դա նոր եմ նկատել: Համոզված եմ, որ մեր գործում հաջողություն կլինի: Համոզված եմ, որ նախագահ Սերժ Սարգսյանը ևս, վաղ, թե ուշ, անդրադառնալու է Հայաստանի հելիոֆիկացիայի մեր ծրագրին` թեկուզ և այլ տարբերակներ չունենալու պատճառով: Տաշած քարը գետնին չի մնա:
-Մեկ անգամ ևս Ձեր հելիոֆիկացիայի ծրագրի հիմնական դրույթները ներկայացնենք մեր ընթերցողներին. արդյոք այն չի՞ կորցրել իր արդիականությունը:
-Առաջիկա 50 տարում և մեզնից հետո հաջորդ 50 տարիներին արևային տեխնիկայի և տեխնոլոգիաների կարևորությունը գնալով միայն աճելու է: Արևային տեխնիկայի զարգացման գործընթացին միանում են նորանոր երկրներ: Հիշատակեմ միայն, որ մեր արևելյան հարևաններն արդեն հսկայածավալ ներդրումներ են կատարել այլընտրանքային էներգետիկայի ոլորտում: Եթե մեր իշխանությունները շարունակեն համառել և հապաղել, ապա մեզ մնում է միայն կատարել մեկ տհաճ և անտրամաբանական քայլ. տեղափոխել մեր արևային բիզնեսն այլ երկրներ: Ցանկալի բան չէ, բայց նման սցենար մենք արդեն մշակել և պահում ենք մեր զինանոցում:
Հաշվի առնելով արևային էներգետիկայի զարգացման կարևորությունը աշխարհի շատ պետությունների համար ընդհանրապես, և Հայաստանի համար մասնավորապես, առաջարկում եմ Հայաստանում ներդնել հելիոֆիկացիայի մեր ծրագիրը: Ծրագիրը պատրաստ է ներդրման: Այն թույլ կտա լուծել բազմաթիվ հրատապ խնդիրներ, այդ թվում.
. ստեղծել 400-800 հազար աշխատատեղ արդյունաբերության մեջ` արտահանմանը միտված արտադրանքի թողարկմամբ,
. գյուղատնտեսության մեջ ներդնել արևային բարձր տեխնոլոգիաները և անցնել էկոլոգիապես մաքուր սննդամթերքների արտադրությանը արտաքին շուկաների համար` օգտագործելով նաև Իրանի հումքային բազան,
. արևային ֆումիգացիայի և այլ պրոցեդուրաների միջոցով բարձրացնել գյուղատնտեսական կուլտուրաների մշակման արդյունավետությունը,
. կազմակերպել գյուղական բնակավայրերի հելիոֆիկացումը` 60 տոկոս էներգախնայողությամբ,
. էներգետիկ շրջափակումների կամ բնական աղետների ժամանակ բարձրացնել բնակչության էներգետիկ կենսունակությունը,
. բարձրացնել Հայաստանի էներգետիկ անվտանգության աստիճանը,
. բարելավել գյուղական բնակչության սոցիալական և սանիտարահիգիենիկ վիճակը,
. նպաստել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը սահմանամերձ գյուղերում,
. հզորացնել Հայաստանի պաշտպանական համակարգը,
. հելիոտեխնիկայի և հելիոտեխնոլոգիաների ոլորտը դարձնել ակադեմիական ինստիտուտների համար հետազոտությունների հեռանկարային ոլորտ,
. հիմք դնել Հայաստան-Սփյուռք իրական գիտատեխնիկական և բիզնես համագործակցության համար:
Հայաստանի հելիոֆիկացիայի խորհուրդն առաջարկում է.
ա) մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը Երևանում կազմակերպել հայ գիտնականների և ինժեներների համաշխարհային ֆորում և հայկական ծագմամբ արդյունաբերական արտադրանքների փառատոն-ցուցահանդես,
բ) Սպիտակի հելիոպոլիգոնում կազմակերպել արևային տեխնիկային և արևային տեխնոլոգիաներին նվիրված միջազգային ցուցահանդես,
գ) գործարկել հելիոտեխնիկական սարքերի բազային գործարանը Սպիտակ քաղաքում,
դ) գործարկել արևային քաղցրավենիքի գործարանը Արցախի Սոս գյուղում,
ե) Հայաստանի մարզերում և Արցախում կազմակերպել ուսումնական հելիոպոլիգոններ,
զ) հելիոֆիկացնել մեկական գյուղ Հայաստանի մարզերում և Արցախում,
է) կազմակերպել արևային տեխնոլոգիաներին նվիրված «Ոսկե գդալ» միջազգային երիտասարդական էկոլոգիական խաղեր դպրոցականների և ուսանողական թիմերի մասնակցությամբ` Հայաստանի առաջին տիկնոջ մրցանակի համար:
-Դուք մեղադրում եք մեր իշխանություններին Ձեր ծրագրի իրականացումը ձգձգելու համար: Այդ առնչությամբ ունե՞ք կոնկրետ փաստեր, և ի՞նչ կարող են անել մեր երկրի իշխանությունները, որ Ձեր ծրագրերը կյանքի կոչվեն:
-Հելիոֆիկացիայի ծրագիրը կարող է կյանքի կոչվել միայն օրենսդիր և գործադիր մարմինների արտոնած ազգային ծրագրի տեսքով: Պետք է ձևավորել համապատասխան օրենսդրական դաշտ արևային տեխնիկա արտադրողների և այն շահագործողների համար, պետք է ձևավորել շահագրգիռ միջավայր արդյունաբերության այդ նոր ոլորտի զարգացման համար: Այստեղ մեր պարտիզանական-գիտական-գյուտարարական առաքելությունն ավարտվում է: Հաճախ մեզ հիշեցնում են, որ Հայաստանի իշխանությունները տնտեսությամբ չեն զբաղվում, քանի որ նրանք վատ տնտեսավարողներ են: Ընդունում եմ, հակառակ պարագայում Հայաստանը միայն կծաղկեր և կբարգավաճեր: Մեր գործի համար մենք գտել ենք լուրջ ներդրողներ` Չինաստանից, Ավստրալիայից, Ղազախստանից, Շվեյցարիայից, որոնք պատրաստ են աշխատելու մեզ հետ: Բայց կան որոշակի խնդիրներ մեր համագործակցության համար: Ներդրումները Հայաստան բերելու համար անհրաժեշտ է ստանալ մեր իշխանությունների երաշխիքը` ներդրումների պաշտպանության առումով կամ ուղղակի թույլտվությունը։ 2012 թ. Հայաստան և Ղարաբաղ ժամանեց շվեյցարական պառլամենտական մի պատվիրակություն, որը, ի դեմս այլ հարցերի, քննարկման դրեց նաև Հայաստանում արևային տեխնիկայի ոլորտում 300 միլիոն դոլարի շվեյցարական ներդրումներ կատարելու հարցը: Այդ ներդրումները թույլ կտային մեզ արևային տեխնիկայի ոլորտը դնել կայուն արդյունաբերական ռելսերի վրա: Մեր կառավարությունը չմտավ այդ ներդրումների տակ, որովհետև կային որոշակի ֆինանսական ռիսկեր: Համաձայն եմ: Նույն ժամանակահատվածում Շվեյցարիան 100 միլիոն դոլարի ներդրում իրականացրեց Օրենբուրգի մարզում արևային տեխնիկայի բնագավառում: Ինչ խոսք, Ռուսաստանի հնարավորությունները մեծ են: Շվեյցարական կողմից մեզ առաջարկվեց համագործակցել և իրականացնել պիլոտային մեկ ծրագիր Սպիտակում` կազմակերպելով միջազգային արևային պոլիգոն, որը նախատեսված կլինի հայկական և արտասահմանյան մշակման արևային տեխնիկայի փորձարկումների համար և հիմք կծառայի արևային տեխնիկայի և տեխնոլոգիաների բնագավառում միջազգային տարածաշրջանային կենտրոն ստեղծելու: Մի շատ կարևոր քայլ: Ավա՜ղ, 2012 թվականին ՀՀ վարչապետին հասցեագրված հայ-շվեյցարական համագորակցության վերաբերյալ մեր նամակ-առաջարկին մեր կառավարությունն առայժմ պատասխան չի տվել և չի էլ ուզում տալ: Պատասխանը կլինի դրական, թե բացասական, ինձ համար այլևս կարևոր չէ: Կարևոր է հասկանալ կառավարության աշխատաոճը մեր պարագայում: Մեր առաջարկը կառավարությունից ուղարկվել է էկոնոմիկայի, էներգետիկայի և էկոլոգիայի նախարարություններ` կարծիքի համար: Խիստ դրական կարծիքներով մեր առաջարկությունը վերադարձվել է ՀՀ կառավարություն և... մնացել է անպատասխան, հետքերը կորել են: Չգիտես` ի՞նչ գնահատական տաս, ի՞նչ մտածես: Ի՞նչ է ստացվում: Հայ գիտնականների մի խումբ 20 տարի աշխատել, արժեքավոր գործ է ստեղծել, պատրաստ է կազմակերպելու գործարաններ, իր վրա վերցնելու երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու հարցը առանց պետական մեկ լումա անգամ ծախսելու, իսկ կառավարությունից չես կարողանում մեկ նամակի պատասխան ստանալ` որոշակի ներդրումներ Հայաստան բերելու համար: Գալիս ես մի անհեթեթ մտահանգման: Միգուցե կա մի արտաքին հրահանգ, որը Հայաստանին արգելում է ունենալ սեփական արդյունաբերություն կամ, ավելի վատ, կա մի ներքին հրահանգ, համաձայն որի` արդյունաբերության հարցերով կարող են զբաղվել միայն որոշակի անձինք ինչ-ինչ ցուցակներից: Չգիտեմ: Մի բան գիտեմ, սակայն, որ բարձրակարգ մասնագետներով հագեցած արդյունաբերական Հայաստանում լավ կառավարման դեպքում աշխատատեղերի խնդիր չպետք է լիներ: Ո՞վ, ինչո՞ւ և ինչպե՞ս է կարողանում այս իրադրությունը ստեղծել և պահել հսկողության տակ` մնում է անհասկանալի:
-Հայաստանի իշխանություններն ունե՞ն արդյոք տնտեսության և, մասնավորապես, արդյունաբերության զարգացման հեռանկարային ծրագրեր, որոնք կարող են մոտ ապագայում բավարար արդյունքներ տալ:
-Կա 11 կետից բաղկացած մի համալիր ծրագիր, որը ենթադրում է որոշակի ոլորտներին պատկանող արտադրությունների ստեղծում: Այդ ծրագրի մեջ 12-րդ կետով կմտցնեի նաև մեր հելիոտեխնիկայի ծրագիրը: Աստված տա, գոնե այդ ծրագրերը գործեն: Բայց նախ պետք է հասկանալ, թե ինչպես կարող է կազմակերպվել արդյունաբերությունը մեր երկրում, որն ունի տրանսպորտային սահմանափակ հնարավորություններ: Արդյունաբերության տակ սովորաբար հասկացվում է գիտաարտադրական մի փակ համալիր, որտեղ մշակվում են շուկայի պահանջները բավարարող նոր արտադրատեսակներ` իրենց պատենտային ապահովմամբ, կազմակերպվում են դրանց փորձնական և զանգվածային արտադրությունները, արտահանումը և վաճառքը համաշխարհային շուկայում: Հայաստանի պարագայում զանգվածային արտադրության մասը նպատակահարմար կլիներ կազմակերպել արտերկրում` սփյուռքում: Կառավարության հաստատմանը ներկայացված ոչ մի ոլորտ չի բավարարում այդ պահանջները: Նույնիսկ կոնյակագործության բուն հայկական ոլորտի համար անհրաժեշտ տեխնիկան և տեխնոլոգիաները բերվում են արտասահմանից: Գիտաարտադրական փակ ցիկլից հեռու են ինֆորմացիոն տեխնոլոգիաների, դեղագործության և մեր մյուս գերակա համարվող ոլորտները: Իմ կարծիքով, պետական այս ոչ պրոֆեսիոնալ տնտեսական և արդյունաբերական քաղաքականության պարագայում, Հայաստանում արդյունաբերական վերածննդի խնդիրները մոտ ապագայում չեն լուծվի: Լավ կլիներ, որ այդ հարցում ես սխալվեի:
-Ձեր ասածների մեջ պեսիմիզմի տարրեր չկա՞ն։
-Ամենևին: Ինչպես նախագահ Սերժ Սարգսյանն էր ասում իր մարտի 18-ի ասուլիսի ժամանակ, եթե մեր մարդիկ օրը 16 ժամ աշխատեն հայրենիքում, ապա ավելի լավ արդյունքների կարող են հասնել: ՈՒրեմն, պետք է աշխատել օրական 16 ժամ, ինձ նման 20 տարի շարունակ, աշխատել գիշերը ցերեկ անելով, և ամեն ինչ կստացվի: Պետք է կարողանանք աշխատել չինացիների, ճապոնացիների կամ իսրայելցիների նման: Պետք է վերջ տալ ծուլությանը, բախտախնդրությանը, հոռետեսությանը, հույսը չդնելով պաշտոնի, կոռուպցիայի և թալանի վրա, և ամեն ինչ կստացվի բարձր մակարդակով: Բնավորությամբ ես ֆլեգմատիկ-ռեալիստ եմ և իմ տեսադաշտում միշտ պահում եմ հայտնի ասացվածքը. «без труда не вытащишь и рыбку из пруда»:


Զրուցեց Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 3044

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ